Մարտ 23, 2020 02:05 Asia/Tehran

Հարաբերական առավելությունը տնտեսագիտության մեջ ընդունված արտահայտություն է, այն իմաստով, որ եթե մի երկիր կարողանում է ինչ որ մի արտադրանք արտադրել ավելի էժան, քան այլ արտադրանքները, համարում են, որ նա դրա արտադրության մեջ հարաբերական առավելություն ունի: Այս տեսության առանցքը հնարավորությունների գինն է: Ապրանքի հնարավորության գինը այն ամենն է, ինչ մենք կորցնում ենք այդ ապրանքն ստանալու համար:

Եթե արտադրողն ավելի քիչ հնարավորությունների գին է վճարում  ինչ որ մի արտադրանք արտադրելու համար, ապա դրա արտադրության գործում հարաբերական առավելություն ունի: 

Այս շաբաթ «Արտադրության բարգավաճումը, զարգացման առանցք» հաղորդաշարում ուզում ենք խոսել Իրանի տնտեսության հարաբերական առավելությունների մասին: Մնացեք մեզ հետ:

Տնտեսությունն ու աշխարհագրությունը միահյուսված են քաղաքականության մեջ: Ոմանք կարծում են, որ տնտեսությունը հիմնականում հիմնված է աշխարհագրական և կլիմայական պայմանների վրա: Այդ իսկ պատճառով, ծովի մերձակայքում գտնվող մարդիկ սովորաբար զբաղված են ձկնորսությամբ, իսկ անտառի մերձակայքում ապրող մարդիկ՝ արդյունաբերությամբ և կրակով: «Աշխարհաքաղաքականություն» և «աշխարհատնտեսություն» արտահայտությունները ևս խոսում են այս երեք բաղադրիչների (աշխարհագրության, քաղաքականության և տնտեսագիտության) փոխհարաբերությունների մասին: Թեև այսօր վերացել են բազմաթիվ տնտեսական և քաղաքական սահմաններ, սակայն այդ արտահայտությունները դեռևս կիրառական են: Փաստորեն, տնտեսագիտության ոլորտում երկրները դեռևս առավելագույն օգուտն են քաղում իրենց աշխարհագրական կամ քաղաքական դիրքերից: Իրանի աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքը այս երկրամասի բնակչության կարևորագույն հարաբերական ​​առավելություններից է, ինչը նրանց հնարավորություն է տալիս տնտեսության ոլորտում ունենալ զգալի դրական ձեռքբերումներ:

Տնտեսության հետ կապված Իրանի աշխարհագրական դիրքը (Իրանի աշխարհատնտեսական դիրքը) աշխարհում բավականին յուրահատուկ է: Իրանը Արևելելքի ու Արևմուտքի միջև միակ ցամաքային կամուրջն է, որը գտնվում է հարավում Օման ծովի ու Պարսից ծոցի, իսկ հյուսիսում Կասպից ծովի միջև: Կասպից ծովի արևելքում և ընդհանրապես աշխարհի գրեթե բոլոր արևելյան երկրները արևմտյան երկրներին կարող են հասնել երկու ցամաքային միջանցքներով, որոնցից մեկը Իրանի միջանցքն է:

Իրանի երկաթուղային ու ավտոճանապարհային բարենպաստ դիրքն ու նրա հասանելիությունը դեպի Պարսից ծոցի, Օմանի ծովի ու Կասպից ծովի երկար ու ձիգ ափեր,  տրանսպորտի և տարանցման ոլորտում Իրանի տնտեսական առավելություններից են, ինչը վերջին տարիներին մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխարհում տնտեսական խոշոր արտադրողների մոտ: Իրանի Իսլամական Հանրապետությունը իր ռազմավարական դիրքի շնորհիվ գտնվում է աշխարհի միջանցքների խաչմերուկում: Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք, հարավային Ասիա և ՏՐԱՍԵԿԱ-ի միջանցքները աշխարհում չորս կարևորագույն հաղորդակցային միջանցքներն են, որոնց մի մասը Իրանի տարածքով է անցնում: Հյուսիս-հարավ միջանցքը՝ Արևելյան կիսագնդի ռազմավարական ուղիներից մեկը հանդիսանում է Ասիայի և Եվրոպայի կարևորագույն առևտրային օղակը: Այս միջանցքը Իրանի և Կասպից ծովի միջոցով տարանցիկ կապ է ստեղծում Ռուսաստանի ու Հյուսիսային Եվրոպայի երկրների և  Հնդկական օվկիանոսի, Պարսից ծոցի ու Հարավային Ասիայի երկրների միջև:

Հյուսիս-հարավ  միջանցքը պայմանագիր է, որը կնքվել է 2000թ. Սանկտ Պետերբուրգում երեք երկրների՝ Հնդկաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև. ապրանքների տարանցման ոլորտում մի տնտեսական ծրագիր, որը Հնդկական օվկիանոսի ճանապարհով դեպի Սուեզի ջրանցք ուղղության փոխարեն բեռնափոխադրումներ է ապահովում Իրանի տարածքով դեպի ԱՊՀ և եվրոպական երկրներ: Տնտեսական փոխանակումներ իրականացնելու համար այս միջանցքով հետաքրքրված են Հնդկաստանն ու Ռուսաստանը: Ասում են, որ այս ուղղությունը, Սուեզի ջրանցքի ավանդական երթուղիների համեմատ, 40 տոկոսով ավելի կարճ, իսկ տրանսպորտի ծախսերը 30 տոկոսով ավելի էժան է: Իրանական հատվածում այս միջանցքի նախապատրաստումը սկսվեց Չաբահարի նավահանգստի զարգացման ու վերազինման համար խոշոր ներդրումներով ու կենտրոնանալով: Չաբահարի Շահիդ Բեհեշթի նավահանգիստը հյուսիս-հարավ միջանցքի բեռնափոխադրումների դարպասն է Իրան մուտք գործելու համար: Այն հանգամանքը, որ Իրանի արևելյան մասում գտնվող այս նավահանգիստը մոտ է գտնվում Կենտրոնական Ասիայի և ԱՊՀ երկրներին, պատճառ է դարձել, որ  հյուսիս-հարավ միջանցքը համարվի լավագույն ուղին տարանցումների  զարգացման համար:

Ապրանքների տարանցման հարցում Իրանի հարաբերական առավելություններից ևս մեկը Արևելք-Արևմուտք միջանցքն է: «Հին Մետաքսի ճանապարհը» կամ նույն ինքը՝ նոր «Մեկ Գոտի-մեկ ճանապարհ»-ը հնարավորություններով ու ներուժով լի ճանապարհ է, և այս ուղղության հարցում Իրանը ռազմավարական խաչմերուկ է համարվում: 2013թ. Չինաստանի նախագահ` Սի Ծինփինն առաջարկեց կառուցել «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» և «21-րդ դարի ծովային Մետաքսե ճանապարհը»: Այդ թվականից սկսած այդ նախագիծը աշխարհում ճանաչում գտավ «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» անվանումով: Իրանի աշխարհառազմավարական դիրքը նրան դարձրել է առանցքային հանգույց դեպի Եվրոպա նոր Մետաքսի ճանապարհի վրա: Անցյալում Մետաքսի ճանապարհը սկսվում էր Չինաստանից, ապա անցնելով Կենտրոնական Ասիայի, Իրանի, Իրաքի և Թուրքիայի տարածքով, միանում էր Միջերկրական ծով, և ի վերջո, հասնում Հռոմ: Մինչև 15-րդ դար այս երթուղին 1700 տարի համարվել է աշխարհի խոշորագույն տնտեսական շրջանառության ցանցը: Արեւելք-Արեւմուտք միջազգային միջանցքը եղել է Իրանի տարածքով Կենտրոնական Ասիայի և Չինաստանի միացման հանգույցը: Այսինքն, Մետաքսի նոր ցամաքային ճանապարհը սկսվում է Չինաստանից և Հարավարևելյան Ասիական երկրներից, այդ թվում՝ Ինդոնեզիայից ու Վիետնամից, ապա շարունակելով իր ուղին  Հնդկաստանի, Պակիստանի, Կենտրոնական Ասիայի, Իրանի և Թուրքիայի տարածքով՝ ձգվում է մինչև Արևելյան Եվրոպայի երկրներ և Իտալիա:

ՏՐԱՍԵԿԱ-ն Ասիան Եվրոպային միացնող ևս մեկ միջազգային միջանցք է: Այս միջանցքը միջազգային մեծ նշանակություն ունի Իրանի, տարածաշրջանի, Ասիայի և Եվրոպայի համար: Վերջին տարիներին Ասիան դարձել է համաշխարհային առևտրի ու արտադրության ծանրության կենտրոնը, ինչի արդյունքում մեծացել է տարածաշրջանում տրանսպորտի պահանջարկը և հանգեցրել կառավարությունների միջև համագործակցության մեծացմանը, մասնավորապես՝ միջազգային միջանցքների ստեղծման և շահագործման բնագավառում: Քանի որ Իրանը համարվում է նշված միջանցքի միակ ավտոճանապարհային երթուղին, ապա այն առանձնահատուկ նշանակություն ունի այս նախագծում: Բացի այդ, «ՏՐԱՍԵԿԱ»-ի միջանցքին Իրանի անդամակցությամբ ճանապարհը հարթվեց Աֆղանստանի և Պակիստանի համար միջանցքին միանալու համար: Այս միջազգային միջանցքին Իրանի միացմամբ, այս միջանցքի հարավային ճանապարհը բարևլավելու է Եվրոպայից դեպի Չինաստան ու Կենտրոնական Ասիայի երկրներ ապրանքներ ուղարկելու համար։

Իրանը կոչում են «չորս սեզոն» երկիր, և այս հանգամանքը ևս Իրանի հարաբերական առավելություններից մեկն է իր աշխարհագրական դիրքի շնորհիվ, որն էլ այս երկրի ժողովրդին բերել է բարություն և օրհնություն: Իրանում բնակլիմայի բազմազանությունը նպաստել է գյուղատնտեսական արտադրանքներում Իրանի հարաբերական​ ​առավելությանը:  Իրանի գյուղատնտեսական ոլորտը ներառում է երկրագործությունը, այգեգործությունը, անասնապահությունը, անտառտնտեսությունը և ձկնաբուծությունը: Իրանում Աշխարհի ճանաչված 13 կլիմաներից 11 կլիմայի առկայությունը, տարեկան 300 արևոտ օր ունենալը և երկրի ամենատաք և ամենացուրտ կետերի միջև 40-50 աստիճան ջերմաստիճանի տարբերությունը, բարենպաստ պայմաններ են ստեղծել Իրանի նման ընդարձակ երկրում եզակի էկոլոգիա ունենալու համար:

Իրանում հայտնաբերվել են ավելի քան 8000 բուսատեսակներ, որոնց մոտ 3000 տեսակը ունեն բուժական հատկություններ: Ըստ Իրանի դեղաբույսերի միության նախագահի, նրանցից մոտ 170-200 տեսակն է արտադրվում, իսկ այլ տեսակները բնության մեջ գոյանում են ինքնաբերաբար: Դեղաբույսերը Իրանի հարաբերական ​​առավելություններից են գյուղատնտեսության ոլորտում: Այժմ իր բնակլիմայի և բուսականության բազմազանության շնորհիվ, Իրանում բուսականության ծածկույթը 4 անգամ գերազանցում է ամբողջ Եվրոպայի բուսականության ծածկույթը: Դեղաբույսերի արտադրության ոլորտում Իրանը աշխարհի ամենաընդունակ երկրներից մեկն է:

Վերջին տարիներին Իրանից արտահանվող կարևորագույն դեղաբույսերն են `չամանը, ուրցը, թուրինջը, անիսոնը, երիցուկը, եզան լեզուն, բզրուկը, պասիֆլորան, եղեսպակը, կատիրան, անեմոնը, քրքումը, բոքսուդին, հինան և անձրութը:

Իրանական դեղաբույսերի արտահանման նպատակային երկրներն են Գերմանիան, ԱՄՆ-ը, Բրիտանիան, Ֆրանսիան, Հունգարիան, Պակիստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Թուրքիան, Բահրեյնը, Քուվեյթը, Կատարը, Կանադան, Շվեդիան: Իրանի դեղաբույսերի ամենամեծ ծավալը արտահանվում է Պակիստան և ԱՄԷ, որին հաջորդում են Գերմանիան, Ճապոնիան և Չինաստանը:

Ներկայումս Իրանում գործող ագրոարդյունաբերական մի շարք ձեռնարկություններ և լաբորատորիաներ զբաղված են դեղաբույսերի արտադրությամբ և վերամշակումով (էսենցիաներ, բնահյութեր, թորածխներ, բուսական ներկանյութեր, ինչպես նաև այլ դեղամիջոցների տեսակներ՝ հաբերի, դրաժեի, փոշու, հատիկների, քսուքների, կրեմների, օշարակների և այլ հեղուկների տեսքով): Քանի որ մարդիկ սկսել են օգտագործել բուսական արտադրանքներ և օրեցօր մեծանում է դրանց օգտագործման ծավալները, ապա պայծառ հեռանկար է բացվում իրանական դեղաբույսերի արդյունաբերության առջև ինչպես դեղագործական արդյունաբերության, այնպես էլ սննդի և կոսմետիկայի ոլորտներում։ Դեղաբույսերի արդյունաբերությունը Իրանի տնտեսության ուժեղ կողմերից է, որը փորձագետների կարծիքով, կարելի է ավելի մեծ ներդրումների և լավ պլանավորման միջոցով դրանց արտահանումից ստացած եկամուտները հասցնել երկրի նավթային եկամուտներին:

***************

Հաջորդ ծրագրում մենք ավելի շատ կխոսենք Իրանի գյուղատնտեսական ոլորտի հարաբերական առավելության մասին: Իսկ մինչ այդ, մենք Ձեզ հրաժեշտ ենք տալիս։ Աստված Ձեզ հետ։

 

Մեկնաբանություններ