Մարտ 23, 2020 17:49 Asia/Tehran

Նոր տարեմուտը, որ զուգակցվում է բնության փոփոխության հետ, մարդուն շնորհված  հնարավորություն  է՝ ներքուստ վերափոխվելու  և իր  հոգևոր ու նյութական կյանքի բարելավմամբ զբաղվելու համար: Աստված է մեզ վերափոխում, սակայն մենք պարտավոր ենք քայլ կատարել մեր վերափոխման համար և այդ ուղղությամբ ոչ մի ջանք չխնայենք:

Գարունն իր ողջ գեղեցկությամբ ու թարմությամբ հասել ու իր հետ բերել է ուրախության ու սրտակցության համն ու բույրը: Գարնանը, ուրախությունը դառնում է համընդհանուր և բոլորը ուրախ և օրհնաբեր տարի սկսելու համար միասիրտ են դառնում: Գարնան ճաճանչների ներքո կենաց մեղեդին հանգստություն ու ցնծություն է պարգևում մարդու հոգուն ու ողջ էությանը և նրան դարձնում է ուղեկիցը բնության ուրախ տոնի: Կյանքի անզուգական դրսևորումների շնորհիվ մարդն սկսում է խորհել ու ավելի լավ է ընկալում Արարչի գոյությունը: Այնպես որ Աստված Ալե Ումրան սուրայի 190-րդ այայում ասում է.«Անկասկած երկինքների ստեղծումը և օր ու գիշերվա գոյությունը իմաստունները դիտում են որպես կյանքի նշաններ»:

Գարունը մարդուն դաստիարակող ու առաջնորդող Աստծո ստեղծած նշաններից է: Գարունը մարդկային խավարած հոգու և ձմեռային քնից արթնացած բնության նոր ավյունն է: Եկեք մենք էլ բնության նորոգությամբ նորոգվենք և Աստծուն հասնելու տենչով լի սրտով հեղաշրջենք մեր հոգին ու էությունը և երգենք նոռուզի անուշ մեղեդին:

«Ով Տեր, որ փոխում ես մեր հայացքն ու սիրտը, ով Տեր, որ հսկում են գիշերն ու ցերեկը, ով դու տարիների ու մարդկանց տրամադրության հեղաշրջող, մեզ վերափոխիր և ուղղորդիր դեպի կատարելություն»:

 

 

Նոռուզը վերափոխման տոն է, բնության վերափոխման տոնը, որ խորհրդանշում է մարդկության փոփոխությունը: Այն բնության վերածնունդ է,որը  հիշեցնում է վերջին դադաստանը, որ մարդուն տրված հնարավորություն է անցյալի մեղքերից ու սխալներից ապաշխարելու և լավին ձգտելու: Բնության վերածնունդը, հիշեցնում է մահից հետո մարդու հարությունը և հանդերձյալ կյանքում դատաստանի օրը Աստծո առջև ներկայանալը: Այդ պատճառով էլ Աստված Ղուրանի Յաս սուրայի 79-րդ այայում պատասխանելով իր արարած լինելը մոռացած և հարության օրը իր վերակենդանացումը հերքող անձին ասում է.«Եվ մեզ համար մի օրինակ բերեց ու իր արարած լինելը մոռացավ»: Նա ասաց.«Այս փտած ոսկորները ո՞վ է կենդանացնելու: Ասա հենց այն անձը, ով առաջին անգամ ստեղծեց և նա է, որ տեղյակ է բոլոր արարածների մասին»:

Համաձայն Այաթոլլահ Խամենեիի խոսքերին, Նոր տարեմուտը, որ զուգակցվում է բնության փոփոխության հետ, մարդուն շնորհված  հնարավորություն  է՝ ներքուստ վերափոխվելու  և իր  հոգևոր ու նյութական կյանքի բարելավմամբ զբաղվելու համար: Աստված է մեզ վերափոխում,սակայն մենք պարտավոր ենք քայլ կատարել մեր վերափոխման համար և այդ ուղղությամբ ոչ մի ջանք չխնայենք:

Այո, բնության մեջ հոգին թարմացնող այսքան բարիքների տեսնելը հիշեցնում է հանդերձյալ կյանքում հոգու վերստին կյանքը, որ բխում է միայն Աստծո սիրուց և գթասրտությունից, որ ցանկանում է աշխարհի վերակենդանացմամբ հիշեցնել հանդերձյալ աշխարհում մարդկային հավերժական հոգու նոր կյանքը: Եվ այնպես ինչպես ապրելու նոր հնարավորություն է տալիս բնությանը, նույնպես էլ մարդուն նոր հնարավորություն է տալիս երկրի վրա աստվածային խալիֆայության  և Աստծո  տեղապահի աստիճանին հասնելու համար: Դրա համար էլ Աստված Ռում սուրայի 50-րդ այայում մարդուն նախազգուշացնելով ասում է.«Ուրեմն տես Աստծո գթասրտության նշանները, որ ինչպես է մահից հետո կրկին հարություն տալիս երկրին: Անշուշտ Նա այն Աստվածն է, որ մահից հետո կենդանացնում է մեռածներին և նա ամենակարող է»: Այո, այնպես որ մեռած բնությունը աստվածային ողորմության շնչով նոր կյանք է ստանում, մարդկային մեռած սրտերը նույնպես վերակենդանանում են աստվածային ողորմածությամբ, իհարկե պայմանով որ բնության նման նրանք ընդունեն Աստծո ողորմածությունն ու սերը:

Իրականում նոր տարին այն հնարավորությունն է՝ մի անգամ ևս հիշելու, որ կյանքը անցնում է և գարնանային այս ուրախ օրերին, երբ մի քայլ էլ մոտեցել ենք մեր կյանքի ավարտին անհոգ չլինենք և իմանանք կյանքի արժեքավոր պահերի գինը: Բնությանը նոր կյանք տալու լույսի ներքո, Աստված ցույց է տալիս, որ ինչպես է մեռցնում ու նորից վերակենդանացնում բնությունը և մարդուն հասկացնում է, որ այնպես ինչպես նրան ստեղծել է ու մահ է տալիս, հարության օրը ի վիճակի է այս քայքայված մարմինը նորից վերակենդանացնել նույնիսկ կարող է առաջվա պես ստեղծել իր մարմնի ամենանուրբ մասերը, այնպես որ Ղիամաթ սուրայի առաջին այաներում Աստված հաստատում է այս հարցը.«Արդյո՞ք մարդը ենթադրում է, որ մենք երբեք նրա ոսկորները չենք հավաքելու: Այո, մենք ի վիճակի ենք նրա մատների ծայրերը  շտկել»:

Ղուրանի ուսուցումների համաձայն մարդն այս աշխարհի համար չի ստեղծվել և նրա կյանքի արժեքը նրա հավիտենականությունն է: Հետևաբար աշխարհիկ ու նյութական կյանքն ի վիճակի չէ բավարարել նրա ընդունակություններն և հոգու բարձր ունակությունները և նա եկել է այս աշխարհ հավիտենական կյնաքի համար, որպեսզի աշխարհիկ կյանքում իր գործերով ու ապրած կյանքով որոշի իր հավիտենական ճակատագիրը: Այժմ, երբ պարզվեց մարդու աշխարհ գալու և աշխարհիկ կյանքի գոյության կարևոր պատճառը պետք է մտածել աստվածային պատվիրանների համաձայն ճիշտ ու մաքուր ապրելակերպի մասին, քանի որ իրական կյանքը այն մաքրամաքուր կյանքն է, որ աստվածային պատվիրանների ստվերի ներքո երաշխավորում է հավիտենական երջանկությունը: Հետևաբար, հոգևոր ու անբասիր կյանքը, մարդկային կյանքի ամենվեհ ու ամենաիսկական որակն է և մարդ պետք է իր բոլոր ջանքերը գործի դնի այս անարատ կյանքին հասնելու ուղղությամբ:

Երկրային կյանքը ընդհանուր է մարդու և կենդանիների միջև, սակայն մարդու և հրեշտակների միջև մի շարք ընդհանրություններ կան և Ղուրանը ձգտում է մեզ հասցնել մարդու և հրեշտակների ընդհանրությունների մակարդակի և գուցե ավելի բարձր աստիճանի: Այդ պատճառով էլ Ղուրանի Էնֆալ սուրայի 24-րդ այայում ասվում է.«Ով հավատացյալներ, եթե Աստված ու ձեր մարգարեն ձեզ հրավիրում են ապրել անարատ կյանքով ընդունեք այդ հրավերը և իմացեք, որ Աստված կանգնում է մարդու սրտի ու ես-ի միջև և բոլորը գնալու են դեպի Նա»:

Այո Աստված ու մարգարեն մարդկանց հրավիրում են դեպի  հավիտենական անարատ կյանք, քանի որ նրանք ցանկանում են մեզ վերակենդանացնել և իրականում հավատացյալներն հենց այն կենդանի սրտերն են: Այս առումով մարդու և կենդանիների կյանքերը այլևս ընդհանուր չեն: Սահիֆե Սաջադիեի աղոթքի առաջին բաժնում իմամ Սաջադն ասում է, որ մարդու և կենդանու սահմանը պարզվել է: Այլ խոսքով կենդանին խոսելու ունակ չէ, այլ լոկ կենդանի էակ է, որ գովաբանում է Աստծուն: Հետևաբար, Աստծո կողմից մեզ շնորհված գարնան համար շարունակ պետք է սրտով, խոսքով ու գործով փառաբանենք իրեն և բնության հարությունը տեսնելով այն առավելագույնս օգտագործենք հարության օրը հիշելու և մեր հոգին մաքրագործելու համար: Եթե այս առիթը պատեհ չհամարենք ու մեր աչքերը փակենք մեր շուրջ գտնվող բոլոր նշանների վրա, ոչ միայն  կենդանի չենք, այլև կենդանիներից առավել շատ մոլորված ենք, այնպես որ Ղուրանի Արաֆ սուրայի 179-րդ այայում ասված է.«Նրանք ունեն սիրտ, սակայն չեն զգում, ունեն աչք, սակայն չեն տեսնում, ականջ ունեն բայց չեն լսում: Նրանք նման են չորքոտանիներին,սակայն նրանցից ավելի մոլորված  են։ Նրանք այն մարդիկ են ,որ մնում  են իրենց բթամտության մեջ»:

Թանկագին ուղեկիցներ հաղորդման ավարտին շնորհավորում ենք ձեզ Նոռուզի, գարնանամուտի ու բնության հարության կապակցությամբ, ինչը Աստծո հավիտենական ու անսահման զորության նշանն է: Մաղթում ենք աստվածային հոգևոր բարիքներով լի տարի: Հուսով ենք, որ բնության հարության և մեր մեջ առաջացած փոփոխության շնորհիվ արժանի կլինենք հասնել այս աշխարհում Աստծո ծառան լինելու բարձր աստիճանի:

 

Մեկնաբանություններ