Մայիս 18, 2020 01:51 Asia/Tehran

Ծոմը, Պահքը խնայողություն է, ժուժկալություն ու բարեպաշտություն: Ռամադան ամիսը մուսուլմանների համար ամենակարևոր ամիսներից է: Մուսուլմանների կարծիքով, այս ամիս, Աստված իր ծառաների առջև բացում է գթության դռները: Իսկ ծոմ պահողներն այդ ընթացքում հրաժարվելով օրվա ընթացքում ուտելուց ու ջուր խմելուց և բարեգործություն անելով, փորձում են բարեպաշտությունը դարձնել իրենց կյանքի օրակարգը։

Իսլամական ուսմունքի համաձայն,  Ռամադանն Աստծու հյուրասիրության ամիսն է: Այդ ամիս Աստված իր գթության դռները բացում է իր ծառաների առաջ: Իսլամի տեսակետից, Ռամադանը լավագույն  ժամանակն է ապաշխարհելու համար, քանի որ այդ ամիս Աստված ներում է մարդկանց մեղքերը:

Իսլամի մարգարեն այս կապակցությամբ ասում է. «Եթե իսկապես հասկանայիք այս ամսվա արժեքը, կերազեիք, որ բոլոր ամիսները լինեին ռամադան»:   

Իսլամական աղբյուրների համաձայն, պահքի մասին իսլամի մարգարեին հայտնել է  Գաբրիել հրեշտակը՝ իսլամի ի հայտ գալու ժամանակ:  Դրանից հետո, մուսուլմաններն իսլամի մարգարեի հորդորով սկսել են ռամադան ամսին պահք պահել: Իսլամական աղբյուրների համաձայն, այն տարի, երբ պահքը մուսուլմանների համար որպես կրոնական անհրաժեշտություն հայտարարվեց, Աստծու մարգարեն նախ տարածեց մուսուլմանների մեջ պահքի մշակույթը: Նա ինքը Շաաբան ամսին պահք պահեց և այս քայլն անմիջապես արձագանք գտավ մուսուլմանների շրջանում ու նրանք ընդունեցին Աստծու այս պատվիրանը: Ապա մարգարեն ներկայացրեց այն օրենքները, որ Աստված իրեն ներկայացրել էր պահքի վերաբերյալ և որոնց մասին ասված է նաև Ղուրանի այաներում:

Ղուրանն ասում է. «Ով հավատացյալներ, պահքը ձեզ անհրաժեշտ է, ինչպես որ ձեզանից առաջ եղած ժողովուրդներին էր անհրաժեշտ: Թերևս  բարեպաշտ դառնաք»: Այնուհետև Ղուրանն ասում է. «Այս օրերը պահքի օրերն են: Սակայն ձեզանից նրանք, որ հիվանդ են ու ճամփորդ, թող պահք պահեն ուրիշ ժամանակ: Իսկ նրանք, որ չեն կարող պահք պահել, թող օգնեն կարիքավոր ընտանիքներին: Իսկ եթե որևէ մեկը որոշել է բարի գործ կատարել, ավելի լավ է որ օգնի կարիքավորներին»:

Իսլամական աղբյուրների համաձայն, աստվածային բոլոր մարգարեները ռամադանի ընթացքում պահք են պահում, այնուհետև առանձնանում ու աղոթում: Իսկ երկնային բոլոր գրքերն ուղարկվել են այս ամիս: Ղուրանը նույնպես մարգարեին ուղարկվել է ղադրի օրերին: Ինչպես ասվում է Բաղարա սուրահի 185-րդ այայում,. «Ռամադանն այն ամիսն է, որի ընթացքում հայտնվեց Ղուրանը՝ մարդկանց առաջնորդելու և ճիշտն ու սխալը զատելու հնարավորությունը ցույց տալու համար: Ուրեմն նա, ով ընկալել է այս ամսվա կարևորությունը, պետք  է պահք պահի»:

Ռամադան ամիսը շատ կարևոր է հատկապես որ այդ ամիս ուղարկվել է Ղուրանը: Իսկ ղադրի  գիշերը որ մուսուլմանների համար լուսավոր գիշեր է, ավելի նշանակալից է դարձնում ռամադան ամիսը: Ղադրի գիշերը որոշվում է մարդու առաջիկա  մեկ տարվա  ճակատագիրը: Մուսուլմանները ղադրի գիշերն աղոթում են Աստծուն, ապաշխարհում ու Աստծուց խնդրում,  որ իրենց նկատմամբ բարի լինի: Ղադր սուրահում ասվում է . «Մենք Ղուրանն ուղարկեցինք ղադրի գիշերը: Ի՞նչ գիտես դու ղադրի գիշերվա մասին: Ղադրի գիշերը հազար ամսից ավելի վեհ է ու լավ»:

Ղուրանի մեկնաբան այաթոլլահ Թաբաթաբային «ալ-Միզան» գրքում ասում է. «Ըստ երևույթին այս սուրահում, ղադրը նշանակում է չափ, ճակատագիր, որոշում: Եվ Աստված ղադրի գիշերը որոշում է  յուրաքանչյուր մարդու մեկ տարվա ճակատագիրը, մահը, բարիքները, երջանկությունը»:

Ռամադան ամիսը մեծ նշանակություն ունի մուսուլմանների համար: Ամեն տարի, մուսուլմանները նախապատրաստվում են այս ամսվա համար: Ամիսը սկսվում է  պահքով: Ամեն երեկո, երբ պահքն ավարտվում է, մւսուլմանները հաց են տալիս նաև կարիքավորներին: Այս օրերին շատ է կարևորվում աղոթելը, Ղուրանի ընթերցումը, բարեգործությունը՝ Աստծու գթությանն արժանանալու համար: Ընդհանրապես, ռամադան ամսվա ընթացքում, մուսուլմանները մեկ ամիս պահք են պահում, օրվա ընթացքում հրաժարվելով ուտելուց  և խմելուց: Պահքը մեկնարկում է լուսաբացին, ազանի կանչով և ավարտվում մայրամուտին: Այս ընթացքում, մուսուլմանները սնվում են երկու անգամ: Առաջինը՝ լուսաբացին և երկրորդը՝ մայրամուտից հետո:

Պահքն ունի հատուկ ծեսեր, որպեսզի չվերածվի սովի ու ծարավի տառապանքի: Որովհետև մուսուլմանների առաջնորդների կարծիքով, չուտելն ու չխմելը պահքի միայն  արտաքուստ դրսևորումներն են: Մուսուլմանը պահքի ժամանակ պետք է հաղորդակցվի Աստծու հետ և բարոյապես վայելի այս ամիսը:  Ուրեմն կարևոր է այս ամսվա ընթացքում մեղքից հեռու մնալը, նույնիսկ բամբասանքը, սուտը, զրպարտանքը, հայհոյանքը, չեղարկում են պահքը:

Իմամ Սադեղն ասում է. «Երբ պահք ես պահում, մարմնիդ բոլոր անդամները պետք է զուսպ լինեն»: Այլ աղբյուրներում ասվում է. «Ռամադանի ժամանակ անընդունելի են նաև նախանձը, վատ խոսքերը, անհիմն վեճերը, ուրիշներին նեղացնելը»: Իսլամի մարգարեն ասում է. «Որքան քիչ են  իսկական պահք պահողները և որքան շատ քաղցածները»: Նա հավելում է. «Նա, ով պահք է պահում, սակայն հավատարիմ չէ մարդկանց նկատմամբ, սուտ է խոսում և իր երդումներին հավատարիմ չի մնում, կամ սուտ է ասում ու երդմնազանց լինում,   անարդար է վերաբերվում մեկի նկատմամբ, արատավորում մի մարդու պատիվը, տիրանում մեկի ունեցվածքին կամ խանգարում հարևանին, նրա պահքն ընդունելի չէ»:

Պահքը մարդուն հեռացնում է առօրյա կյանքից և ստիպում, որ ավելի շատ ներքին կյանք վարի:  Ռամադանը ներքին վերափոխման սկիզբն է: Այն մարդուն ստիպում է խորհել բարոյական արժեքների մասին, ինչն օգնում է մարդուն ավելի մարդկային դառնալ ու  բարոյական արժեքները պահպանելով, ճանապարհ հարթել դեպի Աստված: Ռամադան ամսվա ընթացքում նաև բարոյական բացերն են լրացվում, մարդու ցանկասիրությունը նվազում է  և նրա հոգին պահքի միջոցով մաքրվում է: Պահքը նաև մարդուն խաղաղություն է բերում, և մարդը հեռանում է մեղքից,  նյութապաշությունից ու ավելի երկնային դառնում:

Պահքն իսլամի տեսակետից փորձ է, որպեսզի մարդ ավելի բարի լինի ու լավը և բարեպաշտ ու ժուժկալ: Պահքը նաև փորձ է, սպառողական հոգեբանությունից ու մաքսիմալիստական պահանջներից հրաժարվելու: Մի խոսքով, պահքի հորդորը հետևյալն է. «Ով մարդ, քո ներսը մաքրիր չարիքից ու քայլ արա դեպի Բարձրյալը»:

Իսլամի մարգարեն ռամադան ամսվա մասին ասում է . «Ով մարդիկ, այս ամիսն իր բարիքներով ու գթությամբ նորից ձեզ է մոտեցել: Այս ամիսն Աստծու լավագույն ամիսն է: Այս ամսվա օրերն ու գիշերները և ժամերը լավագույնն են, որովհետև այս ամսվա ընթացքում դուք հրավիրված եք Աստծու սեղանին ու դասվում եք այն մարդկանց շարքին, ովքեր արժանացել են Աստծու գթությանը: Այս ամիս փառաբանեք Աստծուն և աղոթեք, քանի որ ձեր լավ գործերն ընդունելի են դառնում այս ամիս և իրականություն են դառնում ձեր աղոթքներն ու ցանկությունները»:

 

 

Մեկնաբանություններ