Հեղափոխության երկրորդ քայլը՝ արտադրության թռիչքի ուղղությամբ (18)
Իրանն իր աշխարհագրական դիրքով համարվում է աշխարհի ամենակարևոր վայրերից մեկը: Այս տարածաշրջանը մեծ նշանակություն ունի գաղափարական, պատմական, մշակութային, քաղաքակրթական և տնտեսական հարթություններում:Այս զգայուն աշխարհագրության մեջ քաղաքա-տնտեսական կյանքի շարունակականությունը պայմանավորված է կայուն անվտանգության պահպանմամբ, և կանխարգելիչ ու պաշտպանական երաշխիքների առկայությամբ:
Իրանի իսլամական հանրապետությունն իր ազգային շահերն ու անվտանգությունն ապահովելու համար փորձել է լինել անկախ և ունենալ արդյունավետ իշխանություն:
Չնայած ութամյա պարտադրյալ պատերազմից հետո առաջացած բոլոր սահմանափակումներին ու պատժամիջոցներին, Իրանն ապացուցել է, որ ապավինելով իր սեփական ուժերին ու մասնագետներին, կարող է զգալի նվաճումներ արձանագրել ինքնապաշտպանության ոլորտում: Այսօր Իրանի ռազմածովային ուժերը հնարավորություն ունեն անհրաժեշտության դեպքում կիրառել արդիական սարքավորումներ ու զինտեխնիկա և հզոր դերակատարություն ունենալ Պարսից ծոցի և Օմանի ծովից մինչև Հնդկական օվկիանոսի ափերի անվտանգության ապահովման գործում: Այս նպատակով Իրանն իր դիրքն ու դերակատարությունը հասցրել է ռազմավարական ուժի մակարդակի:
Պարսից ծոցի տարածաշրջանի առանձնահատուկ պայմանների և զենքի էմբարգոյի պատճառով, Իրանի պաշտպանական արդյունաբերությունը սուզանավերի կառուցման նախագծերի իրականացումն սկսեց ամենաթեթև մոդելներից, և այժմ հասել է այն մակարդակի, որ կառուցում է 600 տոննա ջրատարողությամաբ սուզանավ: Իրանը զգալի առաջընթաց է գրանցել ռազմածովային պաշտպանության ոլորտում: Այս ոլորտի ձեռքբերումներից են Ֆաթեհ և Ղադիր սուզանավերը: Ֆաթեհ սուզանավն ունի շուրջ 593 տոննա ջրատարողություն, ջրի մեջ ընկղման խորությունը՝ 200-250 մ, բաց ծովում կարող է մնալ առնվազն 35 օր։
Նահանգ սուզանավն առաջին նախագիծն էր, որ արդյունավորվեց տեղական տեխնոլոգիայի արդյունքում և պաշտպանության նախարարության մասնակցությամբ: Նահանգ սուզանավի կառուցման արդյունքում ձեռք բերված փորձերով, մշակվեց Ղադիր սուզանավի արտադրության հոսքագիծը:
Ղադիր և Ֆաթեհ հայրենական սուզանավերի կառուցումը, որոնցից յուրաքանչյուրն ունի հատուկ հնարավորություններ և առանձնահատկություններ, Իրանի ռազմածովային ուժերի ձեռքբերումներից են: Ղադիր տիպի սուզանավը զինված է երկու տորպեդային ապարատով, որոնք կարող են արձակել 533 միլիմետր տրամաչափի տորպեդներ, ինչպես նաև ծովային ականների տեղադրման սարքերով։ Այս սուզանավը ժամում կարող է զարգացնել 11 ծովային մղոն արագություն։
Ղադիր տիպի փոքր սուզանավերն իրենց յուրահատուկ նախագծման շնորհիվ, հարմար են Պարսից ծոցի համար և մեծ հնարավորություն են ընձեռում ծովուժին: Իհարկե այս սուզանավի նախագծման մեջ նկատի են առնվել Օմանի ծովի կլիմայական պայմանները: Այս սուզանավը ծովի հատակում տեղակայվելու հնարավորություն ունի և ռադարախույս է:
Իրանը ներկայումս այն սակավաթիվ երկրներից է, որն ակտիվորեն կառուցում և օգտագործում է սուզանավերի այս տեսակն աշխարհում: Հարավային Կորեայում, Չինաստանում, Իտալիայում և Գերմանիայում իրականացվում են տարբեր նախագծեր՝ թեթև տեսակի սուզանավերի համար:
Պարսից ծոցը որպես փոքր և քիչ խորությամբ ջրատարածք մեծ մարտահրավեր է համարվում հատկապես դիզել–էլեկտրոնային տիպի թեթև քաշով սուզանավների համար:
Ըստ էության, այս տարածքում ստորերկրյա մարտերի ժամանակ փոքր և թեթև նավի կարիք կա, որպեսզի հնարավոր լինի քիչ ծախսով և փոքրաթիվ անձնակազմով աշխատանքն ավարտին հասցնել: Կրուիզային հրթիռի տորպեդոի արձակման հնարավորությունը պաշտպանական և կանխարգելիչ մեկ այլ անհրաժեշտություն է: Իրանի ծովուժն այս ոլորտում ևս բարձրացրել է իր մարտունակությունը:
Ծովային մարտերում թշնամուց գաղտնի մնալու յուրահատկություն ունեցող և արդիական զենքերով զինված սուզանավերը վերածվել են ռազմավարական զենքի, որոնցից թեկուզ քիչ քանակությամբ ունենալն էլ կարող է արդյունավետ լինել պատերազմում և հանգեցնել թշնամու նկատմամբ ռազմական գերակայության :
Այս համատեքստում իրանցի փորձագետները օրակարգում ներառեցին Ֆաթեհ տեղական սուզանավի նախագիծը՝ ափամերձ պաշտպանությունից վեր կարիքները ապահովելու համար: Այս սուզանավը գործառնական յուրահատկությունների առումով կարող է խորասուզվել ավելի քան 200-250 մետր և այդ խորության վրա կարող է մնալ մինչեւ 35 օր։ Ֆաթեհ սուզանավերը կարող են վերջրյա թիրախների ուղղությամբ հրթիռներ արձակել ստորջրյա տարածքից:
Այս ոլորտում Իրանի մեկ այլ կարևոր քայլը եղել է ծանր սուզանավ կառուցելու փորձը, որը կարող է կրել ավելի մեծ քանակությամբ զենքեր և հեռավոր ծովերում իրականացնել մեծ հեռահարությամբ գործառույթներ։
Այս ոլորտում արձանագրված նվաճումներից է Բեսաթ (Be"sat) սուզանավի նախագիծը։ Այս սուզանավը կկարողանա կրել մեծ քանակությամբ բազմազան զենքեր:
Բեսաթն իր մարտական կարողություններով մեծ ազդեցություն կունենա ինչպես ռազմական զսպման ոլորտում, այնպես էլ հավանական պատերազմի դեպքում` երկրի խորքերում գտնվող կենսական նշանակության թիրախներում, ծովային գծերում, առափնյա թիրախներում թշնամուն հարվածելու համար։
Վերջին երեք տասնամյակների ընթացքում տարածաշրջանին պարտադրված հակամարտությունների և պատերազմների փորձը ցույց է տվել, որ ցանկացած անապահովություն կարող է վնասել տարածաշրջանի բոլոր երկրներին: Պարսից ծոցի անվտանգությունը կրկնակի կարևոր է այս ջրատարածքի զգայուն և ռազմավարական դիրքի բերումով: Այս համատաքեստում, Իրանի ռազմածովային ուժերը հնարավորություն ունեն ռազմածովային մարտերում անհրաժեշտության դեպքում օգտագործելով արդիական սարքավորումներ ու զինտեխնիկա, հզոր դերակատարություն ունենալ Պարսից ծոցի և Օմանի ծովից մինչև Հնդկական օվկիանոսի ափերի անվտանգության ապահովման գործում:
Իրանի ռազմածովային ուժերը ամենայն հզորությամբ պահպանում են Պարսից ծոցի անվտանգությունը և պատրաստ են դիմակայել սպառնալիքներին և ի ցույց դնել այդ կարողությունները տարածաշրջանային և արտատարածաշրջանային ջրերի անվտանգության բարձրացման ոլորտում:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, ընդգծելով, որ Իրանը նպատակ ունի ընդլայնել իր պաշտպանական ուժը, հայտարարել է․-« ԻՀՊԿ-ն այսօր առաքելություն ունի հեղափոխության և համակարգի ծովային պաշտպանության ազդեցության ոլորտը մեծացնելով, պաշտպանել իր անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու իր ծովային շահերը»;
Այս կարողությունների հավաստիքն են Հյուսիսային Հնդկական օվկիանոսում աշխարհի չորս տնտեսական ուղիներում Իրանի նավատորմի ներկայությունը և Ատլանտյան օվկիանոսում ծովային առաքելությունների իրականացումը։ Իրանի պաշտպանական դոկտրինայի շրջանակում իրականացվող այս քայլերն ուղղված են պատերազմի կանխմանը;