Սեպտեմբեր 15, 2021 12:45 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա կարևորագույն մշակութային իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։

 

«Իրանի վիմագիր արձանագրություններն աշխարհում» խորագրով ցուցահանդեսում ներառվել է տասը լուսանկար, որոնցում ներկայացված են պարսկերեն վիմագրեր պարունակող տարբեր մշակութային հուշարձաններ Տանզանիայում, Գերմանիայում, Թուրքիայում, Ռուսաստանում, Աֆղանստանում, Տաջիկստանում, Պակիստանում, Հնդկաստանում, Չինաստանում և Շուշիում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 9-ին Մատենադարանում: Լուսանկարների հեղինակը ԻԻՀ մշակութային ժառանգության ակադեմիայի հետազոտության բաժնի պրոռեկտոր Մոռթեզա Ռեզվանֆարին է, որը շրջում է աշխարհում, գտնում այն պատմամշակութային հուշարձանները, որոնք պարսկերեն վիմագրություններ ունեն, ուսումնասիրում, թարգմանում և լուսանկարում է դրանք: Նա ներկա էր միջոցառմանն ու սիրով պատմեց «Իրանի վիմագիր արձանագրություններն աշխարհում» ծրագրի մասին:

Մոռթեզա Ռեզվանֆարին շեշտեց, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալվելը: Նրա խոսքով՝ Իրանում հայերին չեն տարանջատում իրանցիներից և հայերի հետ հաղորդակցվելը պատվաբեր են համարում, քանի որ Իրանի հայկական համայնքը տաղանդավոր է, մշակութային կորիզ ու քաղաքակրթության կրող է:

Անդրադառնալով իր հետազոտություններին՝ Ռեզվանֆարին ասաց, որ լուսանկարների մի փոքր մասն է ներկայացված: «Տասը տարվա ընթացքում Չինաստանից մինչև Աֆրիկա, Արևելյան Եվրոպայի բոլոր երկրներ այցելել եմ, փորձել եմ գտնել պարսկերեն արձանագրություններ պարունակող բոլոր ճարտարապետական կառույցները և, մասնագիտորեն ուսումնասիրելով, թարգմանել եմ դրանք: Մտադիր եմ մեկ ատլասի տեսքով ներկայացնել Իրանի մշակույթն աշխարհում, այդ մշակույթների երկխոսությանը նպաստող քայլեր ձեռնարկել»,-շեշտեց նա:

Խոսելով արձանագրությունների բովանդակության մասին՝ Մոռթեզա Ռեզվանֆարին հիշեցրեց, որ իսլամում արգելված են եղել մզկիթներում, սրբավայրերում քանդակների և այլ տեսքով աստվածային պատկերները, ուստի սրբավայրերում տեղ է գրավել վիմագրությունը: Այն սուրբ արվեստ է համարվում, քանի որ ներկայացնում է Աստծո խոսքը:

«Եղել են նաև բաղնիքներ, այլ հաստատություններ, որոնց պատերին պահպանվել են գրություններ, սակայն ժամանակի ընթացքում դրանք վերացել են, բայց հատկապես իսլամի հոգևոր առաջնորդների դամբարաններում, մզկիթներում գրությունները խնամքով են պահպանվել: Նյութն այդ կոթողներից ենք հիմնականում քաղել»,- ասաց մասնագետը:

Մոռթեզա Ռեզվանֆարին պատրաստվում է ծրագրում ներառել նաև Հայաստանը՝ համագործակցելով ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ:

«Ինձ կաջակցեն, որ կարողանամ ծանոթանալ, թե՛ Երևանի, թե՛ մարզերի տարածքներում գտնվող բազմաբնույթ կոթողներին: Մզկիթներում, անգամ Երևանի թանգարաններում գրություններով սալիկներ կան, ինչպես նաև դամբարաններ, պաշտոնական գրություններ ևս պահպանվել են: Տարածաշրջանում շատ տարածված է եղել պարսկերենը: Ուսումնասիրության ոլորտն ընդգրկուն է: Հույս ունեմ, որ կհասցնեմ հնարավորինս լավ ծանոթանալ բազմաշերտ կոթողներին»,- եզրափակեց հյուրը:

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին էլ ընդգծեց, որ հայ-իրանական հարաբերությունները շատ խորն են: Նրա խոսքով՝ նման միջոցառումների կազմակերպումը նպաստում է, որ ավելի մեծ ուշադրություն դարձնենք մշակութային, քաղաքակրթական ժառանգությանը, որի հանրահռչակումը կնպաստի ժողովուրդների միջև երկխոսության, խաղաղության ու անվտանգության հաստատմանը:

«Իրանը և Հայաստանը, ունենալով պատմամշակութային անցյալ, կարող են լինել առաջնագծում ու առաջնորդել բոլոր երկրներում նման հարաբերությունների զարգացմանը»,- ասաց դեսպանը:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի  խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային ընդգծեց, որ սեպտեմբերի 9-ին ցուցահանդեսի միջոցով կազմակերպել են ծրագրի շնորհանդեսը, սակայն առաջիկայում նախատեսում են երեսուն լուսանկար ցուցադրել՝ համագործակցելով այլ հաստատության հետ:

Միջոցառումը կյանքի է կոչվել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի և Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի համագործակցության արդյունքում:

 

 

Այս տարի Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի հայկական միությունում կցուցադրվի Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը:

«Ֆարաբի» կինոյի հիմնադրամի  հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդման համաձայն, «Եվա» հայ-իրանական համատեղ արտադրության խաղարկային ֆիլմը  2021 թվականի  սեպտեբմերի 26-ին  կցուցադրվի Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում գտնվող հայկական միությունում:

Կինոնկարը առաջին հայ-իրանական համատեղ արտադրությունն է: Այն մասնակցել է  Մոնրեալի, Վենետիկի,Պալմ-Սփրինգսի, Քլիվլենդի,  Քոթբուսի և այլ կինոփառատոների: «Եվա» ֆիլմն արժանացել է  «Նուռ» 12-րդ կինոփառատոնի, Երևանի «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի, Ռուսաստանի  կինոյի 17-րդ փառատոնի   և   Հռոմի Ֆրանկոֆոն փառատոնի մրցանակներին:

Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով ուզում է մոռանալ իր կյանքում տարիներ առաջ տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Նա դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում հեռավոր վայրում, սակայն անցյալը ամենուր հետապնդում է նրան:

 

 

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի՝ ղարաբաղյան պատերազմի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմով է կայացել Սալենտոյի միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Այս մասին տեղեկացնում է Կինեմատոգրաֆիստների միությունը։

Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը 2016թ․-ին վերադառնում է ԼՂ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի  հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները...

Ֆիլմի գլխավոր օպերատորը լիտվացի Ռիտիս Կուրկուլիսն է։ «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնավորում է լիտվացի հայտնի դերասան Լեո Պոբեդոնոսցևասը:

«Դրախտի դարպասը»  ֆիլմի հայաստանյան պրեմիերան կայացել է 2019 թվականին։

 

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Ժառանգը» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է «Կինոշոկ» ԱՊՀ և Մերձբալթյան երկրների կինոփառատոնի հիմնական մրցույթում:

«Կինոշոկ» 30-րդ հոբելյանական կինոփառատոնը կանցկացվի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ը՝ Անապայում: Հազարավոր հայտերից մրցույթի համար ընդհանուր առմամբ ընտրվել է 30 ֆիլմ: Կինոփառատոնի ժյուրիի նախագահն է Վլադիմիր Կոտը:

Ֆիլմի արտադրող ընկերությունը «Academy Films»-ն է, ռեժիսորն ու սցենարի հեղինակը Էվելինա Բարսեղյանն է, պրոդյուսեր՝ Արամ Թորոսյանը, կոմպոզիտորը Միքայել Ոսկանյանն է, օպերատորն Արտո Խաչատուրյանն է:

Դերակատարներն են Լևոն Հախվերդյանը, Դիանա Մալենկոն, Ջուլիետա Ստեփանյանը:

 

 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ հայ և օտարազգի մենակատարները Երևանում կկատարեն Բեթհովենի հանրահայտ գործերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա սեպտեմբերի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Համերգի մենակատարներն են Հյուսիսային Իռլանդիայից ժամանած դաշնակահար Բարրի Դուգլասը, սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը, մեցցո սոպրանո Սոֆյա Թումանյանը, տենոր Տիգրան Հակոբյանը:

Ելույթ կունենա Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը Հովհաննես Չեքիջյանն է: Համերգը կղեկավարի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

 

 

88 տարեկանում մահացել է հանրահայտ ֆրանսիացի դերասան Ժան Պոլ Բելմոնդոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես գրում է «Ֆրանսպրես»-ը, այս մասին հայտնել է դերասանի իրավաբանը:

Բելմոնդոն ոչ միայն կինոյի դերասան էր, ով հանդես էր եկել ավելի քան 100 ֆիլմում, այլև խաղում էր թատրոնում:

 

 

Ամերիկացի կոլեկցիոներ Ստյուարտ Պիվարը, ով կարծում է, որ գտել է Վան Գոգի «Օվեր, 1890» կորած կտավը, Մանհեթենում 300 միլիոն դոլար հայց է ներկայացրել Ամստերդամի Վան Գոգի թանգարանի դեմ. 2021 թ. օգոստոսի 13 -ի որոշմամբ, թանգարանը հրաժարվել է հաստատել նկարի իսկությունը:

Կոլեկցիոները կարծում է, որ թանգարանի որոշումը հիմնված է եղել աշխատանքի «մակերեսային» ուսումնասիրության վրա:

«Պատասխանող կողմը հերքեց նկարի իսկությունը թվային լուսանկարները հպանցիկ դիտելուց հետո: Նկարը կլիներ Վան Գոգի ամենամեծ աշխատանքներից մեկը, եթե պատասխանողը ստուգեր դրա իսկությունը ... և ներկայիս շուկայական արժեքը կլիներ 300 միլիոն դոլար»,-ասվում է հայցում:

Օգոստոսի 13 -ին թանգարանի հավաքածուների բաժնի տնօրենի կողմից ուղարկած նամակում զեկուցվում է, որ աշխատանքը նման չէ Վան Գոգի բնօրինակ աշխատանքին. «Մենք չենք կարծում, որ ստուգումը ... մեր թանգարանում անհրաժեշտ է:  Մեր կարծիքով, տրամադրված նյութից ակնհայտ է, որ «Օվեր» կտավը չի կարող վերագրվել Վինսենթ Վան Գոգին:

Այդ աշխատանքը, մեր կարծիքով, ոճական, պատկերագրական և տեխնիկական ... ակնհայտորեն չափազանց հեռու է Վան Գոգի աշխատանքներից, հետևաբար, ուսումնասիրությունն ու հետագա քննարկումը համարվում են անիմաստ »:

 

Համաճարակի սկզբնական փուլում Բելգիայում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար բազմաթիվ մշակութային հաստատություններ էին փակվել հանրության համար: Բայց դա դարձել է մարդկանց հոգեվիճակի վատթարացման պատճառներից մեկը: Եվրանյուզի հաղորդմամբ, Բրյուսելի բժիշկները, պարզելով դա, սկսել են անվճար այցելություններ նշանակել թանգարաններ և պատկերասրահներ ՝ որպես դեպրեսիայի և սթրեսի դեմ միջոց: Այս նախաձեռնությունը կարող է նպաստել նաև զբոսաշրջության աշխուժացմանը:

3 ամիս պետության կողմից  ֆինանսավորվող 5 օբյեկտ մասնակցում են նախագծին, որտեղ ցուցադրվում են հնագույն և ժամանակակից նկարներ և քանդակներ, ինչպես նաև նորաձևություն: