Հոկտեմբեր 13, 2021 13:00 Asia/Tehran

Այս շաբաթվա հաղորդման թեման է ջրի ճգնաժամն ու դրանից բխող խնդիրները տարածաշրջանում:

Ողջույն հարգելի բարեկամներ: Դուք ունկնդրում եք «Իրանի դիրքը տարածաշրջանի տնտեսությունում» խորագրով հաղորդաշարից ևս մեկ հաղորդում: Ինչպես գիտեք, Հարավարևմտյան Ասիան գտնվում է աշխարհի չորային գոտիներից մեկում, ունի չորային և կիսաչորային բնակլիմա՝ բավականին քիչ տեղումների ծավալով: Բնակչության և մարդկային տարբեր կարիքների համար ջրի պահանջարկի մեծացումը, քաղաքային, գյուղատնտեսական և արդյունաբերական կարիքների համար ջրի օգտագործման մոդելի փոփոխությունը, ջրային ռեսուրսների անխնա և անտրամաբանական շահագործումը, կլիմայի փոփոխությունը՝ տեղումների նվազեցման և գլոբալ տաքացման ուղղությամբ, ջրային ռեսուրսների աղտոտման ավելացումը և տարբեր սպառումների համար դրա որակի իջեցումը սրում են ջրի պակասի ճգնաժամը: Ջրի ճգնաժամը խոցելի է դարձնում երկրների տնտեսությունները և  տարածաշրջանի սոցիալտնտեսական կյանքը տանում  է դեպի ցնցումների, անապահովության և անկայունության, և դա կարող է հանգեցնել երկրների միջև քաղաքական խնդիրների ու դաժան հակամարտությունների:

Համաշխարհային քաղաքական ասպարեզում և աշխարհաքաղաքական ոլորտում այսօր բնապահպանական խնդիրները, հատկապես ջուրը, անվտանգային նշանակություն ունեն: Ոչ մի երկիր չի կարող պահպանել իր տնտեսական, քաղաքական և սոցիալական կայունությունը՝ չապահովելով համապատասխան ջրային ռեսուրսներ: Հետևաբար, կարելի է ասել, որ գետերը երկրների ազգային անվտանգության կարևոր գործոններից են: Գետավազանում ցանկացած միջամտություն անհանգստացնում է տարածաշրջանային պետություններին: Ենթադրվում է, որ այս մտահոգությունները կմեծանան առաջիկա տարիներին, քանի որ աճում է բնակչությունը, և դրա հետևանքով մեծանում են նաև ջրի և սննդի կարիքները:

Հարավարևմտյան Ասիայի երկրներին անհրաժեշտ ջրի մեծ մասը ապահովվում են համատեղ նշանակություն ունեցող գետերով: Սա նշանակում է, որ տարածաշրջանի կարևոր և արդյունավետ գետերը սկիզբ են առնում մի երկրի լեռներից, անցնելով հարևան երկրի կամ երկրների տարածքով, թափվում են ինչ֊որ կարևոր ջրհավաք ավազան: Ըստ պատմական փաստաթղթերի, գետերի հոսանքի ճանապարհին գտնվող տարածքների կամ երկրամասերի բնակչության կողմից ջրի  օգտագործման երևույթը մշտապես գոյություն է ունեցել որպես ջրի օգտագործման իրավունք: Բայց այսօր, ջրային պաշարների սակավության պատճառով, որոշ երկրներ ձգտել են բացարձակ ինքնիշխանություն ունենալ այդ ռեսուրսների նկատմամբ: Այս հարցի կարևորությունը կարելի է հասկանալ ջրի շուրջ երկրների միջև վեճերից ու դիվանագիտական ​​առճակատումներից, որոնք ժամանակ առ ժամանակ դառնում են աշխարհի բազմաթիվ լրատվական կայքերի և լրատվական գործակալությունների վերնագրերը: Դրա օրինակներից է Եգիպտոսի, Սուդանի և Եթովպիայի միջև գոյություն ունեցող վեճը Նեղոս գետի վերաբերյալ։ Համաձայն ՄԱԿ -ի տվյալների, աշխարհում կա մոտ 300 շրջան, որտեղ առաջիկա մի քանի տարիների ընթացքում սպասվում է կոնֆլիկտ ջրի վերաբերյալ:

Կլիմայի փոփոխությունների և բնության ցիկլում մարդու՝ օրեցօր աճող միջամտությունների պատճառով, տարածաշրջանի շատ երկրներ, ինչպիսիք են Իրաքը, Իրանը, Սիրիան, Հորդանանը և այլն, մշտապես բախվում են ջրի ​​սակավության և երաշտի խնդիրների հետ: Այս խմբի երկրների համար խնդիրը բարդացրել են իրենց հարևան երկրների անպատասխանատու քաղաքականությունը: Օրինակ, կարող ենք նշել տարածաշրջանի պետությունների ամբարտակների կառուցման նախագծերը: Պատմականորեն, ամբարտակների կառուցումը առաջին տեխնածին կառույցներից էր՝ անհրաժեշտ ջուր հավաքելու և մատակարարելու համար: Իսկ այժմ ամբարտակի գործառույթը շատ ավելի լայն է, քան նախկինում: Գյուղատնտեսական դաշտերի զարգացումն ու ոռոգումը, ջրհեղեղի վերահսկումը, էլեկտրաէներգիայի արտադրությունը, արդյունաբերական սպառումը և այլն այն դրդապատճառներից են, որոնցից ելնելով՝ կառավարությունները խրախուսվում են ներդրումներ կատարել և ամբարտակներ կառուցել գետերի վրա: Ամբարտակների ճիշտ շահագործումը ապահովում է հանրային բարեկեցությունը, հետևաբար, դրա կառուցումն ունենում է տնտեսական հիմնավորում և ստանում է ազգային աջակցություն:

Բայց սա մետաղադրամի մի երեսն է՝ գետերի վերահսկումը ամբարտակներ կառուցելու միջոցով: Համաձայն որոշ տարածաշրջանային իշխանավորների հայտարարությունների, մետաղադրամի հակառակ կողմն է ջրի օգտագործումը որպես ճնշման լծակ՝ գետերի ակունքներում ամբարտակներ կառուցող պետությունների կողմից: Այն, ինչ այսօր երբեմն տեղի է ունենում Հարավարևմտյան Ասիայում, ամբարտակների կառուցումն է այն գետերի վերնամասում, որոնց ջրի հոսքը կիսվում է երկու կամ ավելի երկրների միջև: Գետի ակունքին ամբարտակի կառուցումը կանխում է ջրի հոսքը դեպի ստորին հատվածում գտնվող երկրներ, ինչը հանգեցնում է ջրի սակավության և բնապահպանական ճգնաժամերի: Ջրային ճգնաժամը միայն ջրի սակավություն չէ, այլ անդրսահմանային համագործակցության և ջրային ռեսուրսների կառավարման բացակայությունը ևս կարող են այն առաջացնել կամ ուժեղացնել: Օրինակ, դրանով հանդերձ, որ Թուրքիայի կողմից ամբարտակների կառուցման մեծ նախագիծը ջուրը նավթի դիմաց քաղաքականության իրագործման շրջանակներում Թուրքիայի վրա ունեցել է դրական և բացասական ազդեցություններ (12 հազարամյա պատմություն ունեցող Հասանքիվ շրջանի շինությունների ոչնչացումը, իրենց բնակավայրերից մի քանի հազար մարդու տարհանումը և ահռելի սոցիալական խնդիրների ստեղծումը), լուրջ վնասներ են կրել ներքևի հատվածում գտնվող երկրները, մասնավորապես Սիրիան, Իրաքը և Իրանը: Այդ վնասները ներառում են տարածաշրջանի էկոհամակարգին հասցված անդառնալի վնասները, ինչպիսիք են լճակների չորացումը, օդում մանր մասնիկների ու փոշու աճը, բույսերի և կենդանիների տեսակների անհետացումը, ինչպես նաև այնպիսի տնտեսական խնդիրների առաջացումը, ինչպիսիք են գյուղատնտեսական հողերի ոչնչացումը, գործազրկության աճը և գյուղերից մարդկանց արտագաղթը դեպի քաղաքային բնակավայրեր:

Թուրքիայի՝ «Gap» կոչվող ամբարտակների կառուցման նախագիծը բաղկացած է 22 ամբարտակից և 19 հիդրոէլեկտրակայանից: Այս կառույցները կառուցված են Տիգրիս և Եփրատ գետերի վտակների սկզբնամասի վրա և արդեն ավարտին են հասցվում: Այս ծրագրի ավարտին ենթադրվում է, որ Սիրիայի և Իրաքի ջրի սպառման մասնաբաժինը համապատասխանաբար կնվազի 40-80 տոկոսով: 1997թ.  Տիգրիս գետի վրա սկսվեց Իլիսուի ամբարտակի շինարարությունը, ինչը դարձավ տարածաշրջանում և աշխարհում ջրի ամենավիճելի նախագծերից մեկը: Ամբարտակի շահագործումը թույլ չի տալու Տիգրիսի ջրային ռեսուրսների 56 տոկոսի մուտքը Իրաքի տարածք: Եվս նմանատիպ մի քայլով, 1990 թվականին Թուրքիան երեք ամիս շարունակ փակել էր Եփրատ գետը Իրաքի վրա՝ Աթաթուրքի ամբարտակը լցնելու համար՝ պատճառելով լուրջ վնաս Իրաքի տնտեսությանը և մարդկանց ապրուստին:

Թուրքիայում Էլի Սոդեր ամբարտակի կառուցումը

Միջազգային պայմանագրերի համաձայն, ոչ մի երկիր չի կարող միայնակ օգտագործել և մենաշնորհել այն գետերի ջուրը, որոնք ունեն ընդհանուր ավազան՝ վտանգելով գետի ստորին հատվածում գտնվող մարդկանց կյանքն ու ապրուստը: Այսօր «սահմանափակ տարածքային ինքնիշխանության» սկզբունքը ընդունված է որպես ընդհանուր իրավական սկզբունք: Այս սկզբունքը ընդգծում է, որ այն պետությունները, որոնք կապ ունեն ինչ֊որ ջրային ուղու հետ, նրանցից յուրաքանչյուրը իրավունքներ ունեն տվյալ ջրային ուղու շահագործման հարցում. Նրանք պետք է այն օգտագործեն «արդար շահագործման» սկզբունքի հիման վրա: Տարածաշրջանում անդրսահմանային ջրերի բաժանման համար պատշաճ իրավական ռեժիմի, ինչպես նաև հստակ ու արդիական համաձայնագրերի բացակայումը պատճառ են դառնում, որ յուրաքանչյուր երկիր ձգտի առավելագույնի հասցնել իր շահերը`հաշվի չառնելով շրջակա երկրները:

Տարբեր ոլորտներում, այդ թվում տնտեսագիտության մեջ, ինտեգրման ու փոխգործաակցության փիլիսոփայությունը մարդկանց բարեկեցության և կենսամակարդակի բարձրացման սիներգիան է: Երբեմն մտերմությունը ձեւավորվում է հնարավորությունների ու առիթների հիման վրա, իսկ երբեմն էլ սպառնալիքներն են կարող միացման ու պայմանագրերի կնքման պատճառ դառնալ: Այս առումով անհրաժեշտ է բարձրացնել այնպիսի կարևոր և ռազմավարական խնդիրներ, ինչպիսիք են գետավազանների կայուն զարգացումը, ջրային ռեսուրսների ինտեգրացիոն կառավարումը և շրջակա միջավայրի պաշտպանությունը ընդհանուր նշանակություն ունեցող ջրերի շահագործման գործում: Այսօր առավել  քան երբևէ զգացվում է քննարկումների կազմակերպումը, որոնք կարող են լուծում տալ խնդիրներին՝ տարածաշրջանի երկրների տնտեսական առավելությունների փոխանակման շրջանակում: Այսօր ջրի ճգնաժամը պահանջում է երկրների անդրսահմանային մոտեցում, և այս ճգնաժամը հաղթահարելու համար առավել քան երբևէ զգացվում է տարածաշրջանային ինտեգրման անհրաժեշտությունը: Անկասկած, մի երկրում անդրսահմանային տնտեսական և քաղաքական խնդիրներից բխող անապահովության և անկայունության առկայությունը չի սահմանափակվում նրա սահմաններով և վաղ թե ուշ դրա բացասական հետևանքները ազդելու են տարածաշրջանի վրա: Անվտանգությունն ու խաղաղությունը հանրային, հասարակական և տարածաշրջանային պարգև են, և ջուր ունեցող պետությունները չպետք է անտեսեն այս անվտանգության գործիքները, որոնք ներկայիս իրավիճակում, անկասկած, կապված են ջրօգտագործման իրավունքի հետ: