Հունիս 22, 2022 10:11 Asia/Tehran

Յուրաքանչյուր ժողովրդի մշակութային աճն ու զարգացումը գնահատելու եղանակներից մեկը նրա ընթերցանության մակարդակն է և գիրք կարդալը։ Իրանն ունենալով մի  քանի հազարամյա քաղաքակրթություն և գիտական, մշակութային կենտրոններ, մեծ գրադարաններ  և հայտնի գիտնականներ, իր ուրույն տեղն ունի համաշխարհային մշակույթի ու քաղաքակրթության ասպարեզում։ Այս հաղորդման ընթացքում կծանոթանանք Իրանի ամենամեծ գրադարանային համալիրրին, որը կոչվում է Իրանի Ազգային գրադարան։

Իրանի Ազգային գրադարանը գիտահետազոտական ​​կենտրոն է, որը հիմնադրվել է 1937 թվականին (իրանական 1316 թ.)։  2002 թվականին Իրանի Ազգային գրադարանը և Ազգային արխիվը միավորվեցին մեկ միասնական կազմակերպական կառուցվածքի մեջ։

Իրանի Իսլամական Հանրապետության ազգային արխիվն ու գրադարանը, որպես անկախ կազմակերպություն, գտնվում է Իրանի նախագահահի գարսենյակի վերահսկողության ներքո և բացի Թեհրանից, մի քանի գրասենյակներ ունի Իրանի տարբեր նահանգներում։

Երաժշտական կարճ դադարից հետո, կանդրադառնանք Իրանի Ազգային գրադարանի ստեղծման պատմությանը: 

----

Իրանի վարչական նոր կառույցներից շատերը, այդ թվում՝ Ազգային գրադարանը ստեղծվել են Նասեր ալ-Դին Շահ Ղաջարի օրոք։ Արքունիքում թագավորական գրադարանի հիմնումը և, դրանից ավելի կարևորը, 1827թ. (իրանական 1242թ.) Դար ալ-Ֆոնուն դպրոցում գրադարանի հիմնումը առաջին քայլերն էին Ազգային գրադարանի ստեղծման ուղղությամբ։ Ազգային գրադարանի կազմավորման հաջորդ փուլը Թեհրանում 1897 թվականին «Մոարեֆ» կրթական ընկերակցության բացումն էր, որը Դար ալ-Ֆոնուն գրադարանի կողքին կառուցեց շենք դպրոցների աշակերտների  համար, որը կոչվում էր «Իրանի կրթության ազգային գրադարան», և  որն արագացրեց Ազգային գրադարանի հիմնադրումը։  1937 թվականի սեպտեմբերին Կրթական գրադարանի գրքերը տեղափոխվեցին Հին Իրանի թանգարանի հարեւանությամբ գտնվող նոր շենք, և պաշտոնապես բացվեց «Իրանի ազգային գրադարանը»։ Իրանի ազգային գրադարանի առաջին շենքը կառուցվել է Թեհրանի  Սիե թիր անունով գեղեցիկ պողոտայում: Շենքը նախագծել է  ֆրանսիացի ճարտարապետ Անդրե Գոդարը:

Իրանի ազգային գրադարանի առաջին մասնաշենքը

1996 (1375 թ.) թվականին տեղի ունեցավ Իրանի ազգային գրադարանի նոր շենքի հիմնարկեքը, որի շինարարությունը տևեց մինչև 2004 թվականը։

Ազգային գրադարանի նոր մասնաշենքը նախագծված և կառուցված է այնպես, որ բացի կառավարման, աջակցության և կայանման բաժիններից նաև ունենա  8 կարևոր և մասնագիտացված գրադարաններ, որտեղ հնարավոր կլինի տեղավորել տեղեկատու և ոչ տեղեկատու գրքեր, ձեռագրերի և հազվագյուտ գրքերի հավաքածուներ: Ազգային գրադարանի նոր մասնաշենքը նաև տեխնոլոգիայի ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին հարմարվելու հնարավորություն ունի: 

Ազգային գրադարանի հիմնական հավաքածուն պահվում է  նկուղում,գրքերի շտեմարանում,իսկ մնացած հավաքածուները և տեղեկատու աղբյուրները հասանելի են ընթերցասրահներում և  շարաված են գրապահարաններում ։ Ժամանակակից սարքավորումների կիրառմամբ հնարավոր է գիրքը շտեմարաններից  տեղափոխել  ընթերցողներին տրամադրելու  բաժիններ։ Այս շենքում կա  7 միլիոն գիրք։

Մոհսեն Միր Հեյդարն Իրանի ազգային գրադարանի ծրագրի ղեկավարն է եղել, իսկ Յուսեֆ Շարիաթզադեն՝ ճարտարապետական ​​խմբի ղեկավարը։

Ազգային գրադարանի նոր մասնաշենքը շուրջ 97 հազար քառակուսի մետր մակերեսով կառուցված է ութ հարկերում: Այն  դիմացկուն է 9 բալ ուժգնությամբ երկրաշարժին։ Շենքի նախագծման մեջ օգտագործվել են նախաիսլամական և հետիսլամական ճարտարապետական ​​նախշեր։

Շենքը կառուցված է ուղղանկյուն լայն բետոնե  հիմքի վրա, իսկ վերին հարկերի  մակերեսն աստիճանաբար նվազելով ստացվել է զիկկուրատի** տեսքով շենք:  Իսլամական կամարներն ու ճակատային քարտեզները հիշեցնում են այս շենքի իսլամական ճարտարապետության գեղեցկությունները: Շենքի բրգաձև կառուցվածքը չի սահմանափակվում շենքի հիմնական ծավալով և դրա շարունակությունը տարածվում է մինչև  գետին:


 Շենքի աստիճանաձև ձևը հնարավորություն է տվել լուսավորել  ընթերցասրահները: 

Իրանի ազգային գրադարանի ընթերցասրահները

 

Այս շենքում գտնվում են մասնագիտացված ընթերցասրահները, որոնք են՝ Սոհրեվարդի դահլիճը, որը գտնվում է Ազգային գրադարանի շենքի արևմտյան մասում և առաջին հարկում ։ Այս դահլիճն Իրանի իսլամագիտության և իրանագիտության ամենամեծ համալիրներից է։ Այստեղ  կարելի է տեսնել արտասահմանյան բուհերի գրքեր, ամսագրեր ու դիսերտացիաներ: Այս բաժնի աղբյուրները ռուսերեն, գերմաներեն, անգլերեն և ֆրանսերեն են: Իհարկե կան նաև իտալերեն, լեհերեն, հնդկերեն, իսպաներեն, թուրքերեն, հունգարերեն և այլ լեզուներովաղբյուրներ: Սոհրեվարդի դահլիճում իրանագիտության բնագավառի ավելի քան 65 հազար գիրք կա։ Այս բաժնի ամենակարևոր գրքերը 400 անուն ուղեգրություններն են:

«Ռուդաքի» դահլիճը հաշմանդամների համար նախատեսված վայր է, որտեղ հաշմանդամերը կարող են անվասայլակով հանգիստ մուտք գործել։ Կույրերի և տեսողության խնդիրներ ունեցողների համար նախատեսված  դահլիճում  տեղադրված են հատուկ սարքավորումներ:

Եվ Փարվին Էթեսամիի անվան դահլիճը, կանանց ուսումնասիրությունների մասնագիտացված դահլիճն է:

Մյուս դահլիճներն են՝ Յոթից մինչև 14 տարեկան տարիքային խմբի երեխաների և դեռահասների դահլիճը, Խաջե Նասիր ալ-Դին Թուսիի անվան դահլիճը, տարբեր լեզուներով փաստաթղթերի արխիվ և Քամալ Ալ-Մոլքի անվան դահլիճը, որտեղ  տեղադրված են ոչ-գրքային աղբյուրներ, ինչպիսիք են թռուցիկներ, պաստառներ, տեսանյութեր, աուդիո ժապավեններ,  գրքույկներ, լուսանկար, սլայդ, նեգատիվ, միկրոֆիլմ, օրացույց, բացիկ և քարտեզ:

---   

Ազգային գրադարանի նպատակներից է արժեքավոր ձեռագրերի և հնագույն փաստաթղթերի հավաքագրումը, վերականգնումն ու պահպանումը։ Իրանի գրքի և վավերագրական ժառանգության թանգարանը նույնպես պարբերաբար ցուցադրում և ներկայացնում է այս արժեքավոր ստեղծագործություններից ու աղբյուրներից մի քանիսը: Պատմական, գիտական ​​և մշակութային առիթները հաշվի առնելով, թանգարանի սեզոնային և թեմատիկ ցուցահանդեսներում  ցուցադրվում արժեքավոր գործեր, այդ թվում՝ ոչ գրքային աղբյուրներ, ձեռագիր փաստաթղթեր, արվեստի գործեր և այլն:

Խարազմի դահլիճը գրքերի և ձեռագրերի, վիմագրերի և արժեքավոր գրքերի շտեմարան է։ Այս համալիրի գրքերի և ձեռագրերի մեծ մասը իրանցի մեծերի գրություններն են գրականության, պատմության, փիլիսոփայության , միստիկայի, իրավագիտության, բժշկության  և աստղագիտության ոլորտներում, ինչպես նաև արտասահմանյան գրքերի առաջին պարսկերեն թարգմանությունների հավաքածուն և մեծ վարպետների գեղագրության նմուշները:  Այս բաժնում հասանելի են մոտ 133 հազար տպագիր գիրք Իրանից և աշխարհի այլ մասերից։

Իրանի ազգային գրադարանի Խարազմի  դահլիճ

Իբն Նադիմ դահլիճում պահվում են ընդհանուր աղբյուրներ ինչպիսիք են հանրագիտարանները, բառարանները, մատենագրությունները, ամփոփագրերը և թեմատիկ ցուցակները: Ռազմի  կամ Գիտության ու տեխնոլոգիայի դահլիճը նվիրված է գիտության և տեխնոլոգիայի, ներառյալ մաթեմատիկայի, աստղագիտության, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, երկրաբանության, պալեոնտոլոգիայի, համակարգչային տեխնիկայի, ճարտարագիտության, բժշկության և գյուղատնտեսության վերաբերյալ գրքերին:  Ավիցեննայի  անվան դահլիճը նվիրված  է  հումանիտար գիտություններին։ Ֆարաբի դահլիճում հասանելի է հասարակական գիտությունների, կառավարման, քաղաքագիտության, իրավունքի, արվեստի, երաժշտության և ճարտարապետության վերաբերյալ գրքերի հավաքածու:

Տարվա բոլոր օրերին տարբեր խմբեր այցելում են Իրանի ազգային գրադարան։ Գրադարանը այս խմբերից յուրաքանչյուրի համար ունի հատուկ ծրագրեր՝ ելնելով նրանց կրթական մակարդակից, կարիքներից և ցանկություններից: Այս խմբերից են երեխաներն ու  դեռահասները, ակադեմիկոսները, ադմինիստրատորները, մասնագետները, օտարերկրյա և հասարակական խմբերը:

Ազգային գրադարանին հարող գրավիչ վայրերից է  Թեհրանի գրքի այգին, որն աշխարհի ամենամեծ գրախանութն է և հիանալի ու յուրօրինակ հավաքածու է տրամադրել գրքով ու ընթերցանությամբ հետաքրքրվողներին։  Այս համալիրում կան տարբեր բաժիններ երեխաների և դեռահասների համար: Թեհրանի գրքի այգում կա  ռոբոտաշինության ակումբ, գիտության այգի, մշակութային ապրանքների խանութ, խաղասրահ, ռեստորան և այլն:

---- 

Մերձավոր Արևելքի ամենահին համալսարանը,  Ջոնդիշապուրի անվան  հիվանդանոցը և համանուն գրադարանը գտնվել են Ջոնդիշապուր քաղաքում,  որն ունեցել է բարգավաճ տնտեսություն: Եվ այս բոլորի շնորհիվ Ջոնդիշապուրը  հայտնի է դարձել։ 

Ջունդիշապուրը ժամանակին աշխարհի գիտական ​​և բժշկական ամենամեծ  կենտրոնն էր, և նրա  սակավ մնացորդներն այսօր հանդիսանում են Իրանի հարավ-արևմտյան Խուզիստան նահանգի զբոսաշրջային վայրերից մեկը: Ջոնդիշապուր քաղաքը, որը հայտնի է նաև որպես Գոնդիշապուր, Սասանյանների ժամանակաշրջանի կարևորագույն քաղաքներից էր, որի շուրջն ամուր պաշտպանիչ պարիսպներ կային։ Այս քաղաքը կառուցվել է Սասանյան թագավոր Շապուր I-ի հրամանով մեր թվարկության երրորդ դարում։

Ջոնդիշապուրի եզակի առանձնահատկություններից էր քաղաքի կառուցման հետ միաժամանակ համալսարանի կառուցումը։ Ըստ պատմաբանների՝ Շապուր I-ի հրամանով տարբեր ճյուղերի գիտնականներ, հատկապես բժիշկներ, բերվել են Ջոնդիշապուր քաղաք, իսկ մյուս կողմից նրանք տարբեր լեզուներից պահլավերեն են թարգմանել բազմաթիվ հունական բժշկական գրքեր և դրանք հասանելի դարձրել համալսարաններին և ուսանողներին։

Մի քանի տարի է, ինչ Թեհրանում կառուցվել է Ջոնդիշապուրի անվան գրադարան, որը գտնվում է Մերձավոր Արևելքի ամենամեծ առևտրային համալիրներից մեկի կենտրոնում՝ Թեհրանի արևմուտքում: Թեհրանի Ջոնդիշապուր գրադարանն ունի մոտ 3300 քառակուսի մետր տարածք և գեղեցիկ  բաժինների շնորհիվ, հայտնի է որպես այս համալիրի մշակութային սիրտ։  Այս գրադարանի դարակները պարունակում են շուրջ 70 հազար  գիրք տարբեր ոլորտներից և մինչև առաստաղ ծածկված են տարբեր թեմաներով ու լեզուներով գրված գրքերով:

Ջոնդիշապուրի անվան  գրադարան(Իրան մոլ համալիր)

Ցավոք, գիրքն Իրան Մոլ համալիրի գրադարանից դուրս բերել դեռևս հնարավոր չէ։ Արդյունքում, այցելուների մեծ մասը գալիս է այս գրադարան ավելի շատ զվարճանալու և գրքերն ու համալիրը դիտելու համար: Ամեն ինչ շքեղ է ու գեղեցիկ։ Ջոնդիշապուրի անվան գրադարանի հիմնական տարածքը շատ ընդարձակ ուղղանկյուն դահլիճ է, որտեղ փռված է Քաշանի 350 մետրանոց նրբագեղ ձեռագործ գորգը։

Ջոնդիշապուրի անվան  գրադարան

Դահլիճի շուրջը չորս հոգանոց փոքրիկ սեղաններ են դրված, որպեսզի այցելուները կարողանան նստել իրենց  ընկերների ու հարազատների հետ  սեղանի շուրջ և կարդալ իրենց սիրելի գիրքը: Դահլիճում կան նաև մեկ տեղանոց  բազկաթոռներ, որոնք թույլ են տալիս միայնակ վայելել գրքի ընթերցում: Իհարկե, այս ամենը գրադարանի գեղեցիկ և աչք շոյող ճարտարապետության հետ մեկտեղ այս վայրը գրավիչ է դարձնում քաղաքացիների և զբոսաշրջիկների համար։

---

**Զիկկուրատ նշանակում է «բարձունք» կամ «լեռան գագաթ» բազմաստիճան պաշտամունքային կառույց Հին Միջագետքում, որը տիպիկ էր շումերական, ասորական, բաբելոնյան և էլամյան ճարտարապետության համար։ Աշխարհում պահպանված ամենամեծ զիկկուրատը Իրանի Խուզեստան նահանգում գտնվող Չողա Զանբիլ զիկկուրատն է, որը գրանցված է Համաշխարհային ժառանգության ցանկում։